Տուժողի հետ հաշտվելը որպես քրեաիրավական վեճերի լուծման եղանակ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.2.054Keywords:
criminal, victim, reconciliation, punishment, responsibilityAbstract
Տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելը հաճախ դիտվում է որպես հաշտարարության ձև1: Իրոք, այստեղ առկա են առանձին հատկանիշներ, որոնք հատուկ են վեճերն ու կոնֆլիկտները հարթելու տվյալ տեխնոլոգիային: Այստեղ առկա է կամավորությունը, քանի որ համապատասխան հանցանք գործելու մեջ մեղավորն ինքը առանց հարկադրանքի լուծում է իր գործած հանցանքից տուժածի հետ հաշտվելու անհրաժեշտության հարցը: Նա նախաձեռնում է մի շարք գործողություններ, որպեսզի տուժողը ցանկանա հաշտվել իր հետ: Նման գործողություններից կարող է լինել մեղքը հարթելը: Հաշտեցումը հնարավոր է միայն համապատասխան վեճի կողմերի փոխադարձ հարգանքի պայմաններում: Թեև միանգամայն պարզ է, որ գործած հանցանքից հետո դրանում մեղավոր անձը պետք է շատ ջանք թափի, որ ներվի տուժողի կողմից, բայց միայն փոխադարձ հարգանքի դեպքում կողմերը կարող են գտնել այն փոխզիջումը, որը կարող է դրվել համապատասխան դատավարական որոշման հիմքում: Հենց դա էլ նման որոշման արդարացիության երաշխիքն է: Երկու կողմին բավարարող լուծում փնտրելիս կարևոր են փոխվստահելի հարաբերությունները, ինչը կհանգեցնի գաղտնիության անհրաժեշտությանը փոխընդունելի լուծում գտնելու որոնումներում: Դրանով հանդերձ՝ գաղտնիությունն այստեղ չի ժխտում թափանցիկությունը, որը ենթադրում է գործող օրենսդրությանը և բարոյականության նորմերին գործողությունների համապատասխանությունը ստուգելու հնարավորություն: Ընդ որում, կարևոր է ժամանակակից արդարադատության հիմնական սկզբունքներից մեկին՝ կողմերի իրավահավասարության (մրցակցության) սկզբունքին, հավատարիմ մնալը, որը անթույլատրելի է համարում որևէ կողմի թելադրանքը, անգամ այն դեպքում, երբ այդ կողմը տուժել է կատարված հանցագործությունից:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2019 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.