Ադրբեջանական Հանրապետության սահմանների մասին միջազգայնորեն ճանաչված և Ղարաբաղյան հակամարտության կողմերի ընդունած փաստաթղթերի լույսի տակ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2021.12.1.003Keywords:
սահմանների լեգիտիմություն, Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետություն, Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետությու, Ադրբեջանական Հանրապետություն, տարածքային ամբողջականություն, ցեղասպանածին վարք, պետական սահման, անկախության հանրաքվեAbstract
Պետական սահմանը ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքներից մեկն է, որն արձանագրվում է սահմանակից երկրների հետ կնքված պայմանագրերում և համաձայնագրերում: XX դարում «Ադրբեջան» անունով ասպարեզ իջած երեք կազմավորումներից ոչ մեկի սահմանները ինքնորոշման ակտով (անկախության մասին հանրաքվեով) չեն ձևավորվել: Նրանցից առաջինը 1918-1920 թթ. թուրքական ռազմական ներխուժումով հայտնված Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունն է (ԱԴՀ), որը չի ունեցել հաստատված կամ միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Անհիմն հավակնությունների պատճառով Ազգերի լիգային անդամակցելու մերժումը ստացած ԱԴՀ-ն լքել է պատմությունը, երբ Խորհրդային Ռուսաստանի XI Կարմիր բանակը 1920 թ. ապրիլին մտել է Բաքու, տապալել թուրքերի հիմնած ԱԴՀ-ն և հռչակել ոչ ազգային, ԱդրԽՍՀ, որում հայերը դիտվել են որպես տիտղոսակիր ազգ չունեցող այդ նոր տիպի խորհրդային հանրապետության համահիմնադիր ժողովուրդներից մեկը: ԱդրԽՍՀ-ն 1920 թ. դեկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղը (ԼՂ), Զանգեզուրը և Նախիջևանը ճանաչել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) անկապտելի մաս, իսկ դեկտեմբերի 2-ին հրատարակած հռչակագրով ճանաչել ԼՂ ժողովրդի լիիրավ ինքնորոշման իրավունքը: 1921 թ. հունիսի 12-ին Լեռնային Ղարաբաղը (ԼՂ) հռչակվել է ՀԽՍՀ անկապտելի մաս: 1921 թ. թուրք քեմալականների հետ գործարքի մեջ մտած բոլշևիկները Նախիջևանն ու ԼՂ-ն բռնությամբ օտարել են ՀԽՍՀ-ից հօգուտ ԱդրԽՍՀ-ի: ԼՂ-ն տրվել է նման հարց լուծելու մանդատ չունեցող Կովբյուրոյի չընդունված որոշմամբ (այն նույնիսկ չի դրվել քվեարկության), իսկ Նախիջևանը՝ Կարսի պայմանագրով: 1923-ին խախտվել է Կովբյուրոյի առանց այն էլ ապօրինի որոշումը: Մարզային ինքնավարություն տրվել է ոչ թե ԼՂ-ին, այլ նրա մեկ երրորդից էլ փոքր մասին, մարզից դուրս թողնելով ՀԽՍՀ հետ հարակից շրջանները: Կարսի գործող պայմանագրով Նախիջևանը ՀԽՍՀ-ից բռնազավթված և այսօր գոյություն չունեցող ԱդրԽՍՀ հովանավորությանը (բայց ոչ սուվերենությանը) հանձնված տարածք է: 1991 թ. օգոստոսին ԱդրԽՍՀ-ն դադարել է գոյություն ունենալ, և ԼՂՀ ժողովուրդը 1991 թ. սեպտեմբերին իր անկախությունը հռչակել է իրենից բացի ոչ մեկին պատկանող տարածքներում: Արևմուտքը այս իրավական փաստերի անտեսումով է օկուպացված Նախիջևանով և Լեռնային Ղարաբաղով 1991-ին ճանաչել ԱՀ-ն: Եվրոպական համայնքի կողմից 1991-ին նախկին ԱդրԽՍՀ սահմաններում ԱՀ ճանաչումը իրավական ուժ չի հաղորդել այդ սահմաններին, քանի որ 1921 թ. դրանք ձևավորվել էին զավթումների արդյունքում: ԱՀ-ն մեր օրերում էլ լեգիտիմ սահմաններ չունի: ՀՀ հետ նրա սահմաններն այսօր «ճշտվում են» ՀԽՍՀ-ից 1921 թ. բռնությամբ օտարված այն տարածքներով, որոնք զավթել էին ՀԽՍՀ-ից և պետք է մաս կազմեին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.