Հայ հասարակական միտքը 1840-ական թվականների իռլանդական ազգային շարժման մասին

Authors

  • Ֆելիքս Մովսիսյան Վանաձորի պետական համալսարան

Keywords:

Իռլանդիա, ազատություն, շարժում, ռիփիլ, «Երիտասարդ Իռլանդիա», «Միացյալ իռլանդացի», հայ մամուլ, հասարակական միտք

Abstract

1840-ական թթ․ ռլանդական ազգային շարժումը լայն արձագանք է գտել այդ ժամանակի հայ պարբերական մամուլում։ Եվրոպական մամուլի հրապարակումներից և ստացված տեղեկություններից հայկական պարբերականները լավատեղյակ էին Իռլանդիայում տեղի ունեցող քաղաքական, սոցիալական և կրոնական իրադարձությունների մասին։ Ըստ նրանց տեղեկությունների՝ իռլանդական ազգային շարժման հիմնական պատճառներն էին․ 1847 թ․ աննախադեպ սովը, 1800 թ․ անգլո-իռլանդական «Ունիայի ակտի» չեղարկումը, անկախ պառլամենտ ստեղծելու ձգտումը և իռլանդացի կաթոլիկների էմանսիպացիան։ Իռլանդական շարժմանն անդրադառնում էին առաջին հերթին հայ ազգային-պահպանողական ուղղվածության պարբերականները։

Այսպես, Վիեննայի Մխիթարյանների «Եվրոպա» թերթի «կշռադատող և հեռատես» խմբագիրները անկողմնակալ և օբյեկտիվ դիրքերից՝ «եվրոպական ոճով և վարպետությամբ» էին լուսաբանում իռլանդացիների պայքարը։ Նրանց կարծիքով՝ սովի, համաճարակի և աղքատության պայմաններում «Ռիփիլ» ընկերությունը, «Երիտասարդ Իռլանդիա» կազմակերպությունը փորձում էին խաղաղ ճանապարհով վերացնել Ունիան, բայց անհաջողություն կրելով՝ ապստամբություն բարձրացրին։ Վենետիկի Մխիթարյանների «Բազմավէպ» ամսագրի համաձայն՝ իռլանդացիներն ուզում էին ամբողջությամբ տապալել անգլիական լուծը և դառնալ ինքնիշխան երկիր։

Ըստ քաղաքական և բանասիրական ուղղվածություն ունեցող թիֆլիսյան «Կովկաս» շաբաթաթերթի՝ իռլանդացիները, միավորվելով Անգլիայի հետ, կորցրին իրենց անկախությունը և այդ օրվանից հայտնվեցին աղետալի դրության ու ծայրահեղ կարիքի մեջ։ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի պաշտոնական օրգան «Հայաստան» թերթը, իռլանդական շարժումը խռովություն անվանելով, գալիս է այն եզրակացության, որ «Երիտասարդ Իռլանդիա» «ազատասեր միությունը», ոգևորված ֆրանսիական փետրվարյան հեղափոխության հաղթանակով, ամեն ջանք գործադրեց զինված պայքարի միջոցով ազատագրվելու համար։

Զմյուռնիայի հայերի «Արշալույս Արարատեան» պարբերականը գիտակցում էր անկախության հասնելու իռլանդացիների ձգտումները և հասկանում էր, որ «Ռիփիլ» ընկերությունը ձգտում էր սահմանադրական եղանակով հասնել Իռլանդիայի քաղաքական անկախությանը։

Հնդկահայերի «Ազգասեր» և «Ազգասեր արարատյան» պարբերականները իրենց համառոտ հրապարակումներում քննադատում էին Անգլիայի գաղութային քաղաքականությունը և իռլանդական բնակչության նկատմամբ բռնությունները։ Նրանք կարծում էին, որ իռլանդացիները ցանկանում էին ազատվել անգլիական լծից և ստեղծելով անկախ հանրապետություն՝ ինքնուրույն կառավարել իրենց երկիրը։ «Ազգասեր արարատյանը» ծաղրում էր իռլանդացի ապստամբների զգուշավորությունը, որի արդյունքում «լեռը մուկ ծնեց»։

Իռլանդական ազգային շարժումն իրենց հրապարակումներում գովերգում էին հայ ժողովրդավարական հոսանքի գործիչները՝ Միքայել Նալբանդյանը և Մաթեոս Մամուրյանը։ Մ․ Նալբանդյանը քննադատում էր Անգլիայի քաղաքականությունն Իռլանդիայում, որի ազատասեր ժողովուրդն արժանի է համակրանքի։ Նա ամոթի սյունին էր գամում անգլիական իշխանություններին, որոնք դատապարտում էին ազատության ձգտող իռլանդացի խռովարարներին։ Ըստ Մ․ Մամուրյանի՝ Անգլիան լուծարել էր իռլանդական պառլամենտը և զրկել իրավունքներից կաթոլիկներին։ Նա ցավով էր արձանագրում աղետալի դրությունը Իռլանդիայում, որն անընդհատ հարստահարում ու թալանում էին անգլիական իշխանությունները։ Այս իրավիճակից միակ ելքը նա համարում էր ապստամբությունը։

Author Biography

Ֆելիքս Մովսիսյան, Վանաձորի պետական համալսարան

պ.գ.դ., պրոֆեսոր, ՎՊՀ պատմության ամբիոնի վարիչ

Downloads

Published

2021-12-31

Issue

Section

Articles