Հայ-թուրքական հարաբերությունները ՀՀ անկախության տարիներին
Keywords:
2009 թ․, ցյուրիխյան արձանագրություն, նախապայմաններ, Ֆուտբոլային դիվանագիտություն, հակահայկական դիրքորոշում, Արցախյան հարց, Հայոց Ցեղասպանություն, միջազգային ճանաչում, ժխտողականություն, ՀՀ ղեկավարությունAbstract
Հոդվածում համապատասխան փաստերի համակողմանի քննությամբ ցույց է տրված, որ թեև Թուրքիան առաջիններից մեկը ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց նրա հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին, քանզի Անկարան հայկական իշխանություններին նախապայմաններ ներկայացրեց չհիշատակել 1915թ․ Հայոց ցեղասպանությունը, պաշտոնապես հրաժարվել պահանջատիրությունից, ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի վրա՝ դադարեցնելու պայքարը և ընդունելու Ադրբեջանի գերակայությունն ու տարածքային ամբողջականությունը։ Միաժամանակ պահանջեց, որ Հայաստանի հանրապետությունը զերծ մնա Թուրքիայի շահերին հակասող գործողություններից և ամեն կերպ չեզոքացնեի սփյուռքահայության հակաթուրքական գործունեությունը; Հայաստանի հանրապետությունը մերժեց միջազգային պրակտիկային անհարիր այս նախապայմաններն ու պահանջները։
Թուրքիան իր հերթին որդեգրեց ընգծված հակահայկական դիրքորոշում, միակողմանիորեն փակելով ՀՀ-ի հետ սահմանը, շարունակելով շրջափակման մեջ պահել Հայաստանը։ Ուստի պատահական չէր, որ Թուրքիայի մոտեցումները՝ ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում մեծապես պայմանավորված էին նաև Արցախում հայկական զինված ուժերի ձեռքբերումներով, քանզի որքան ակնառու էին այդ հաջողությունները, այնքան ավելի էր կոշտանում Թուրքիայի դիրքորոշումը ՀՀ-ի նկատմամբ։ Դա դրսևորվեց հայկական զինված ուժերի կողմից Քարվաճառի (1993թ․ ապրիլի սկզբին) ազատագրման ժամանակ, որից հետո Թուրքիան ոչ միայն փակեց սահմանը, այլև Հայաստանի հետ սահմանաներձ շրջանում զորքեր սկսեց կուտակել, սակայն Ռուսաստանի կտրուկ անդրադարձը Թուրքիային հետ պահեց իր հետագա գործողություններից։ Կարծում ենք սխալված չենք լինի, եթե նշենք, որ քննարկվող ժամանակաշրջանում Թուրքիայի նման մոտեցումը ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում լուրջ սպառնալիք էր մեր ազգային անվտանգությունը։ Վերլուծելով հայ-թուրքական հարաբերություններում երկուստեք հետաքրքություն ներկայացնող տնտեսական գործոնի ազդեցությունը , շեշտվել է այն հանգամանքը, որ որքան էլ ՀՀ-ի հետ տնտեսական շփումների զարգացումը ձեռնտու էր Թուրքիային, այդուհանդերձ, Հայաստանն իր տնտեսական զարգացման մակարդակով Թուրքիայի համար լուրջ հետաքրքրություն չէր ներկայացնում և հայ-թուրքական շփումներում նկատվող որոշակի աշխուժացումը, մեզ բավարար հիմք չի տալիս բնութագրել այն որպես լուրջ բեկում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Ոստի, ամենևին էլ պատահական չէր, որ հայ- թուրքական տնտեսական փոխհամագործակցության որոշակի հեռանկարով թուրքական կողմը փորձում էր ՀՀ ղեկավարության մոտ հայ-թուրքական հարաբերություններում որոշակի առաջընթացի պատրանք ստեղծել և դրանով իսկ շահագրգռել ՀՀ ղեկավարությանը' համոզելու Սփյուռքին ևս հետ կանգնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելուց: Այս հանգամանքն, անշուշտ, վկայում է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հայ-թուրքական հարաբերությունների վրա ունեցած ազդեցության մասին: Տնտեսական գործոնի առումով կարևորվել է նաև այն հանգամանքը, որ ժամանակին ՀՀ ղեկավարությունը պատշաճ վերլուծության չենթարկելով թուրքական կողմի երկու երկրների միջև տնտեսական շփումները ակտիվացնելու նախաձեռնությունները, չէր էլ նկատում, որ դրանցում, փաստորեն, մեկտեղվում էին տնտեսական գործոնն ու ղարաբաղյան հիմնահարցի լուծման Թուրքիայի տարբերակը: Մինչդեռ, Թուրքիան իր կողմից առաջադրած նախապայմաններով փորձում էր ՀՀ-ին դարձնել իր կամակատարը և նրա միջոցով իր սեփական կամքը թելադրել նաև սփյուռքահայությանը: Անդրադարձ կատարելով հասարակական կառույցների մակարդակով հայ-թուրքական շփումներին, նշվել է, որ նման կառույցների գործունեությունն ի սկզբանե դատապարտված էր ձախողման' կողմերի ծայրահեղ հակադիր հայացքների պատճառով: Ժամանակի ՀՀ ղեկավարությունը, տեղյակ լինելով նման շփումներին, այնուամենայնիվ, պատշաճ վերլուծության չէր ենթարկել դրանց հնարավոր դրական և բացասական հետևանքները ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Սփյուռքի համար և չուներ հստակ դիրքորոշում այդ հարցում:
Մինչդեռ, իրադարձությունների հետագա ընթացքը ցույց է տվել, որ Թուրքիան, շահարկելով նման շփումների առկայությունը, փորձել է Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական հարթությունից տեղափոխել գիտական և հասարակական քննարկումների ոլորտ' հերթական անգամ նպատակ ունենալով այդ կերպ հնարավորինս կասեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:
Մեծ հաշվով, նույն նպատակն էր հետապնդում նաև Թուրքիայի ղեկավարության կողմից առաջ քաշված «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսը, որը, չնայած ձեռնարկած կոնկրետ քայլերին, այդպես էլ չի հանգեցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ուստի, ՀՀ- ի հետ հարաբերությունների հարցում թուրքական ղեկավարության որդեգրած քաղաքականության մեջ երբեմն առկայծող դրական միտումները կարելի է բացատրել Թուրքիայի աշխարհաքաղաքական զանազան շահախնդրություններով և, մասնավորապես, Եվրամիությանն անդամակցելու խնդրով:
Կոնկրետ փաստերով ապացուցվել է, որ անգամ 2009 թ. հոկտեմբերի 10- ին ցյուրիխյան հայտնի արձանագրությունների ստորագրումն ի զորու չի լինում ստիպելու Թուրքիային կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները և հրաժարվել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում նախապայմաններ առաջադրելուց:
Վերլուծելով ցյուրիխյան արձանագրությունների բովանդակությունը նշվել է, որ այն իր ամբողջության մեջ չէր բխում համայն հայության կենսական շահերից, քանզի արձանագրություններում առանձին դրույթներ և, հատկապես սահմանների փոխադարձ ճանաչման դրույթը, մեծ հաշվով անիմաստ էր դարձնում ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին հետամուտ լինելը, այնպես էլ հետագայում դրա հետևանքների հաղթահարմանն ուղղվելիք քայլերը:
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև այն փաստին, որ քննարկվող ժամանակահատվածում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում նկատվում է նաև նոր երևույթ՝ առանձին եվրոպական երկրներ ընդունում են ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, որոնց մի մասի անկատար լինելու հանգամանքն իր ազդեցությունն է թողնում դրանց հետագա ճակատագրի վրա: Ամփոփելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ երկրորդ նախագահի գործադրած ջանքերի արդյունքները, շեշտվել է, որ դրանք ևս, իր նախորդների նման, չեն հանգեցրել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, մինչդեռ Թուրքիան, փաստորեն, կրկին հնարավորություն ստացավ աշխարհին ցույց տալ ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու իր «բուռն ձգտումը»:
Հայոց ցեդասպանության 100-ամյակն ու ճանաչման հետագա ընթացքը ներկայացնելով հայ թուրքական հարաբերությունների համատեքստում, հատուկ ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, պաշտոնական Թուրքիան չհրաժարվելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր որդեգրած ժխտոոական դիրքորոշումից, այնուամենայնիվ, որոշակի փոփոխություններ է կիրառում այդ հարցում իր ռազմավարության մեջ: Նման փոփոխությունների իմաստը հանգում էր Էրդողանի և Դավութօղլուի կողմից առաջ քաշած «համատեղ վշտի» և «արդար հիշողության» թեզերին: Ընդգծվել է, որ թուրքական ժխտողականության նման նոր դրսևորումը պակաս վտանգավոր չէր, քանի որ դրանով փորձ էր արվում հավասարության նշան դնել «դահճի» և «զոհի» միջև: Այնուհետև նշվել է, որ Թուրքիայի նման մոտեցումը շոշափելի արդյունք չի տվել, քանի որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի համատեքստում շարունակվում էր աշխարհի տարբեր երկրների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման և դատապարտման գործընթացը: Չի անտեսվել նաև այն փաստը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հռչակագրի ընդունումից հետո, հայ իրականության մեջ որպես ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններ առաջ են քաշվում Ցեղասպանությունը ճանաչման դաշտից բացի, իրավական դաշտ փոխադրելու և միջազգային իրավունքը նոր հայրենազրկում «պատրիոցիդ» իրավական ձևակերպումով բարելավելու խնդիրը: Դրա հետ կապված շեշտվել է, նման գաղափարի իրագործումը ողջունելի լինելով հանդերձ պահանջելու է վիթխարի ջանք ու եռանդ: Բացի այդ, կարևորվել է նաև այն գաղափարը, որ նշված դրույթների կենսագործման հնարավորությունը շատ ավելի կմեծանա, եթե Հայաստանը դառնա տարածաշրջանի ազդեցիկ «խաղացողներից» մեկը՝ թելադրելով խաղի սեփական կանոնները: Ինչ վերաբերում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ՀՀ իշխանությունների հետագա ջանքերին, ապա ինքնին հասկանալի է, որ հնարավոր չէր անվերջ հանդուրժել Թուրքիայի ապակառուցողական մոտեցումն այդ հարցում և միանգամայն տրամաբանական էր, որ արդեն 2017 թ. սեպտեմբերի 20-ին ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ամբիոնից ՀՀ նախագահի ելույթը դարձավ առաջին քայլը ՀՀ-ի կողմից ցյուրիխյան արձանագրությունների չեղարկման ճանապարհին, գործընթաց, որն իր տրամաբանական ավարտին հասավ 2018 թ. մարտի 1-ին՝ ՀՀ նախագահի «Հայ- թուրքական հարաբերությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ» հրամանագրով:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Edik Minasyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.