Էթիկայի կանոններ

Հրատարակչական գործունեության մեջ խախտումները կանխելու (գրագողություն, կեղծ տեղեկատվություն և այլն), գիտական ​​հրապարակումների բարձր որակ և հանրության կողմից հեղինակի գիտական ​​արդյունքների ճանաչում ապահովելու համար խմբագրական խորհրդի յուրաքանչյուր անդամ, հրատարակիչ, հեղինակ, գրախոս և հրատարակման գործընթացում ներգրավված հաստատություն պետք է պահպանեն էթիկայի չափանիշները, կանոնները, սահմանված կարգը: Էթիկայի սկզբունքների պահպանումը բոլորի կողմից ապահովում է հեղինակների մտավոր սեփականության իրավունքները, բարելավում է հանդեսի որակը և բացառում է հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի հնարավոր չարաշահումը` հօգուտ որոշ անձանց շահերի:

Խմբագրությունը պահպանում է գիտական նյութերի հրատարակման համար ընդունված ընդհանուր էթիկական սկզբունքները՝ առաջնորդվելով հրատարակման էթիկայի հանձնաժողովի (Committee on Publication Ethics (COPE)) հանձնարարականներով: Հեղինակային իրավունքի և բարոյական նորմերի խախտումը ոչ միայն անընդունելի է, այլև խոչընդոտում է գիտական գիտելիքների զարգացումը՝ խաթարելով հումանիտար գիտությունների հեղինակությունը:

Հոդված ներկայացնելիս հեղինակները (հեղինակների խմբերը) պետք է իրազեկվեն, որ պատասխանատվություն են կրում գիտական ​​արդյունքների նորույթի և հավաստիության համար, ինչը ենթադրում է հետևյալ սկզբունքների պահպանումը.

  • Հեղինակները պետք է տրամադրեն հետազոտության հավաստի արդյունքներ: Միտումնավոր կեղծ և նենգափոխված պնդումները ընդունելի չեն:
  • Հեղինակները պետք է ապահովեն հետազոտության արդյունքների ինքնուրույնությունը: Յուրաքանչյուր փոխառված հատված կամ մեջբերում պարտադիր պետք է ուղեկցվի հղումով հեղինակին և սկզբնաղբյուրին: Չափազանց մեծ մեջբերումները և գրագողության ցանկացած ձև՝ ներառյալ չհղված մեջբերումները, վերաշարադրանքը կամ այլ անձի հետազոտության արդյունքների յուրացումը էթիկայից դուրս են և անընդունելի: Խմբագրական խորհուրդը առանց հղումների մեջբերումները համարում է գրագողություն:
  • Հեղինակները պետք է տրամադրեն միայն հիմնավոր ու հավաստի փաստեր և տվյալներ, տան բավարար տեղեկություններ, որպեսզի մյուս հետազոտողները կարողանան ստուգել դրանք և փորձել զարգացնել դրանք, չօգտագործեն մասնավոր կարգով ձեռք բերված տեղեկատվությունը՝ առանց առկա գրավոր համաձայնության, թույլ չտան տվյալների կեղծում և զեղծարարություն:
  • Հեղինակները պետք է խուսափեն աշխատանքի կրկնօրինակումից: Եթե աշխատանքի որոշ հատվածներ նախկինում հրատարակվել են, հեղինակը պետք է հղում անի ավելի վաղ հրապարակված աշխատությանը և նշի տարբերությունները:
  • Հեղինակները չպետք է ներկայացնեն այլ հանդեսի հանձնված և քննարկման ենթակա նյութ, ինչպես նաև այլ պարբերականում արդեն տպագրված աշխատանք:
  • Կարևոր է ընդունել բոլոր այն անձանց ներդրումը, ովքեր այս կամ այն ​​կերպ մասնակցել են հետազոտությանը, մասնավորապես` աշխատանքը պետք է պարունակի հղումներ այն աշխատանքներին, որոնք էականորեն նպաստել են հետազոտության իրականացմանը:
  • Բոլոր նրանք, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել, պետք է դիտարկվեն որպես համահեղինակներ: Ընդունելի չէ ցուցակ ներառել այն անձանց, ովքեր չեն մասնակցել հետազոտությանը:
  • Հեղինակները պետք է հարգեն խմբագրական խորհրդի ու գրախոսների աշխատանքը և վերացնեն նշված անճշտությունները կամ հիմնավորեն դրանք:
  • Հեղինակները պետք է ներկայացնեն և պատրաստեն իրենց նյութերը հանդեսի չափանիշներին համապատասխան:
  • Եթե հեղինակները աշխատանքում նկատելի սխալներ կամ անճշտություններ են հայտնաբերել քննարկման փուլում կամ տպագրությունից հետո, նրանք պետք է անհապաղ տեղեկացնեն խմբագրական խորհրդին:
  • Հեղինակները պետք է խմբագրական խորհրդին կամ հրատարակչին ապացուցեն, որ իրենց նախնական նյութը հավաստի է կամ ուղղեն էական սխալները, որոնց մասին խմբագրական խորհուրդը տեղեկացել է որևէ երրորդ կողմից:
  • Հեղինակը կարող է հանձնելուց հետո ետ պահանջել իր աշխատանքը, քանի դեռ այն գտնվում է մասնագիտական եզրակացություն ստանալու գործընթացում: Տպագրության ընդունվելուց հետո հոդվածը վերադարձնել չի թույլատրվում:
  • Տեքստում կատարված բովանդակային փոփոխություններն ու ճշգրտումները համաձայնեցվում են հեղինակի հետ: Խմբագրության միջամտություններին համաձայն չլինելու դեպքում կողմերն իրավունք ունեն հրաժարվելու նյութի հրատարակությունից կամ գալ փոխհամաձայնության,
    Խմբագրությունը պարտավորվում է մինչև ստացված նյութի հրատարակումը չօգտագործել դրանցում տեղ գտած տվյալները և դրանք չտրամադրել երրորդ կողմին՝ բացառությամբ գրախոսների:

 

Գլխավոր խմբագիրը գնահատում է աշխատանքի գիտական բովանդակությունը` անկախ հեղինակի ռասայական, ազգային պատկանելությունից, սեռից, սեռական կողմնորոշումից, կրոնական համոզմունքներից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական կարգավիճակից կամ հեղինակի քաղաքական նախասիրություններից:

Գլխավոր խմբագիրը չպետք է թույլ տա աշխատանքը տպագրվի, եթե առկա են գրագողության բավարար ապացույցներ:

Գլխավոր խմբագիրը որոշում է կայացնում նյութերի հրատարակման վերաբերյալ ըստ հետևյալ հիմնական չափանիշների.

  • աշխատանքի համապատասխանությունը հանդեսին,
  • ներկայացված աշխատանքի արդիականությունը, նորույթը և գիտական ​​նշանակությունը,
  • հստակությունը, արդյունքների հուսալիությունը և եզրակացությունների ամբողջականությունը:

 

Գլխավոր խմբագիրը պետք է

 

  • ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը հրատարակված նյութերի բարձր որակ ապահովելու և անձնական տվյալների գաղտնիությունը պահպանելու համար,
  • աշխատանքը տպագրելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելիս հաշվի առնի գրախոսների առաջարկությունները: Հանդեսի խմբագրական խորհուրդը ստանձնում է աշխատանքը տպագրելու կամ մերժելու մասին որոշման ողջ պատասխանատվությունը,
  • հիմնավորի աշխատանքի ընդունման կամ մերժման վերաբերյալ որոշումները,
  • թույլ տա գրախոսված նյութի հեղինակին հիմնավորել իր ​​տեսակետը:

Մասնագիտական գրախոսը ներկայացնում է աշխատանքների վերաբերյալ իր կարծիքն ու առաջարկները գլխավոր խմբագրին: Գրախոսման համար ստացված աշխատանքը դիտարկվում է որպես գաղտնի փաստաթուղթ, որը չի կարող փոխանցվել քննարկման կամ փորձաքննության որևէ երրորդ կողմի, եթե խմբագրական խորհրդի կողմից թույլատրված չէ:

Խմբագրությունն ընդունում է անաչառ որոշումներ, որոնք բացառապես հիմնված են տրամադրված նյութերի մասնագիտական մակարդակի և որակի վրա:

Հրապարակման վերաբերյալ որոշում կայացվում է` ելնելով հետազոտության որակից և դրա արդիականությունից: